64-ամյա կինը դիմել էր «Միքայելյան» համալսարանական հիվանդանոց՝ վայր ընկնելու հետևանքով ձախ բազկոսկրի գլխիկի բազմաբեկորային ներհոդային կոտրվածքի պատճառով։
Օրթոպեդիայի և վնասվածքաբանության կլինիկայի ղեկավար Ատոմ Տեր-Գրիգորյանի, Սպորտային վնասվածքաբանության և արթրոսկոպիայի բաժանմունքի ղեկավար Հայկ Աղամալյանի, նույն բաժանմունքի օրթոպեդ-վնասվածքաբան Էրիկ Քոսյանի և անեսթեզիոլոգ Վլադիմիր Հարությունյանի կողմից կատարվել է ձախ ուսահոդի ամբողջական ռևերսային էնդոպրոտեզավորում Reverse համակարգի միջոցով։
Հայկ Աղամալյանը նշում է, որ նման համակարգով վիրահատություններ Հայաստանում կատարվում են ընդամենը մի քանի ամիս, դրանք թույլ են տալիս խուսափել հնարավոր բարդություններից, ապահովում են պացիենտի արագ ապաքինումը և շարժումների լիարժեք վերականգնումը։ Արդյունքում՝ ուսահոդը դառնում է ֆունկցիոնալ։
«Նմանատիպ կոտրվածքների դեպքում, եթե կատարում ենք կոտրվածքի ֆիքսացիա, մեծ հավանականությամբ բարդություններ են առաջանում, քանի որ գլխիկը, որի մեջ մտնում են սնուցող անոթները, կոտրված է։ Ֆիքսացիայից հետո մեծ է հավանականությունը, որ ոսկորը չի կպնի, կսկսի նեկրոզվել, և այդ դեպքում պացիենտը ստիպված է լինում մի քանի անգամ վիրահատվել։ Կոտրվածքի տեսակը և բոլոր բարդությունները հաշվի առնելով՝ կատարվել է առաջնային ուսահոդի տոտալ ռևերսային էնդոպրոտեզավորում, այսինքն՝ հոդը փոխարինվել է արհեստական հոդով, որը ապահովում է պացիենտի արագ ռեաբիլիտացիան․ շարժումները լիածավալ վերականգնվում են, և պացիենտը խուսափում է հնարավոր բարդություններից»,– ասում է Հայկ Աղամալյանը։
64-ամյա պացիենտի վիրահատությունը անցել է բարեհաջող, հետվիրահատական ընթացքը ևս եղել է հարթ և առանց բարդությունների։ Այժմ կինը գտնվում է վերականգնողական փուլում՝ շարժումները աստիճանաբար վերականգնվում են։
.png)